Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարար Այվազյանը և պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։-0-