ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների է գնում բացարձակ մեծամասնության համար. խմբակցության քարտուղար

03.02.2012, 14:45
ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների է գնում բացարձակ մեծամասնության համար. խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող ՀՀԿ-ն մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ հույս ունի ստանալ բացարձակ մեծամասնություն և պատրաստվելու է 2013 թ.-ի նախագահական ընտրություններին, ուրբաթ լրագրողներին ասել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Խորհրդարանական և նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են: Մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալու համար և մեր թեկնածու Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն պատրաստվելու ենք նախագահական ընտրություններին մասնակցությանն ու հաղթանակին», - նշել է Մելիքյանը:

Նա նաև չի բացառել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիայի ձևավորման հավանականությունը, եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ստանա:

Պատգամավորը հիշեցրել է, որ հայկական խորհրդարանում կոալիցիոն մոդելներն այս կամ այն տեսքով գործում են դեռևս 1999 թ.-ից և ժողովրդավարության դրսևորումներից են:

«Բացառված չէ, որ այդ մոդելը կրկին կկիրառվի և կիրագործվի անգամ ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնության դեպքում», - ասել է Մելիքյանը:

ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ունի տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն ամրագրված են ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:

Հայաստանի իշխող կոալիցիայի կազմում ներառված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, որը գլխավորում է ձեռներեց Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ-ը՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:-0-