Կհաջողվի խուսափել Իրանի դեմ ռազմական գործողություններից. հայ փորձագետ

02.02.2012, 17:50
Կհաջողվի խուսափել Իրանի դեմ ռազմական գործողություններից. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արևմուտքի կողմից Իրանի դեմ ուղղված պոտենցիալ ռազմական գործողություններից կհաջողվի խուսափել, հինգշաբթի ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Արևմուտքին չի հաջողվի Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև անցկացնել, քանի որ մի շարք այլ պետություններ դեմ կլինեն: Ռուսաստանը տոկունություն կդրսևորի և կընդդիմանա իր սահմանների մոտ ռազմական գործողությունների սկսվելուն»,- հայտնեց Սաֆրաստյանը:

Նա կարծում է նաև, որ օբյեկտիվ պատճառներ չկան Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:

«Իրանի միջուկային ծրագիրն առաջին հերթին խաղաղ ծրագիր է, որը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում: Պարզապես միջուկային ներուժ է ստեղծվում, որը, որոշակի քաղաքական որոշումներ կայացնելուց հետո, հնարավոր է նպաստի միջուկային զենքի ստեղծմանը, բայց ծրագիրն ինքին ուղղված է խաղաղ ատոմի ստեղծմանը»,- ասաց Սաֆրաստյանը:

Ահա արդեն ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք այլ երկրների մի քանի գործիչներ Իրանին կասկածում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենքի մշակման մեջ: 

Այդ մասին ասվում է նաև Իրանի միջուկային ծրագրի գծով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, որտեղ, մասնավորապես, հաստատվում է, որ մինչև 2003թ.-ը Թեհրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է տարել:

Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը: --0-