Ֆրանսիական Սենատի որոշումը հայկական դիվանագիտության վաստակը չէ. ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման Սենատի որոշումը հայկական դիվանագիտության վաստակը չէ, հինգշաբթի «Սիվիլիտաս» հիմնադրամում լրագրողներին ասաց «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ, ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը:
Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը: Ցեղասպանության ժխտման համար փաստաթուղթը, որը նախատեսում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք, դեկտեմբերի 22-ին հավանության է արժանացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ ԱԺ-ի կողմից: Օրինագիծը պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից:
«Սա միանշանակ կապված է Ֆրանսիայում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում հայկական համայնքի ակտիվ գործունեության հետ: Պետք է հասկանալ, որ քանի դեռ տվյալ պետությունում ապրում են ցեղասպանությունից այս կամ այն չափով տուժած մարդիկ, նրանք մշտապես բարձրացնելու են այդ հարցը»,- ասաց Արզումանյանը:
Ըստ նրա՝ ինքը միանշանակ ուրախ է, որ Ֆրանսիայի Սենատը նման փաստաթուղթ է ընդունել, բայց դեմ է նրան, որ ցեղասպանության փաստը «օգտագործվի տարբեր երկրների քաղաքական խաղերում»:
Արզումանյանի կարծիքով՝ Սենատի որոշման վրա հիմնականում ազդել է, մասնավորապես, թուրքական իշխանությունների «հիստերիկ» արձագանքն օրինագծի վերաբերյալ: Ոչ պակաս ազդեցություն են ունեցել նաև «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի հետ կապված իրադարձությունները Ստամբուլում, երբ տասնյակ հազարավոր թուրքեր դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով դատարանի որոշման դեմ:
Արզումանյանը նշեց նաև, որ, անկախ միջազգային տարբեր կառույցների և երկրների որոշումներից՝ Հայաստանը և Թուրքիան չեն դադարի հարևան լինել, այդ պատճառով նրանք պետք է համագործակցության ուղիներ գտնեն, հատկապես այժմ, «երբ թուրքական ողջ մտավորականությունը տրամադրված է դրան»:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-