Ֆրանսիայի շնորհիվ Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացավ իրավական նոր մակարդակի վրա. փորձագետ

25.01.2012, 14:05
Ֆրանսիայի շնորհիվ Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացավ իրավական նոր մակարդակի վրա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացավ որակապես նոր քաղաքական-իրավական մակարդակի վրա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը: Ցեղասպանության ժխտման համար փաստաթուղթը նախատեսում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք:

«Ֆրանսիական Սենատի որոշման շնորհիվ այժմ աշխարհի ոչ մի լուրջ պատմաբան չի կարող ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, այժմ խնդիրը բարձրացել է նոր մակարդակի վրա, և մենք մեր հերթին պետք է շարունակենք պահանջել Թուրքիայի կողմից ոչ միայն այս փաստի ճանաչում, այլև փոխհատուցում», - ասաց Մելքոնյանը:

Պատմաբանի խոսքերով՝ ցեղասպանության փաստի ճանաչումը չպետք է լինի Հայաստանի վերջնական նպատակը, և իրական ձեռքբերում կլինի «Արևմտյան Հայաստանի տարածքում Հայոց ցեղասպանություն» ձևակերպման օգտագործումը:

Մելքոնյանը նշեց նաև, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է վավերացնի 2009 թ.-ին ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները: «Հենց թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը հանգեցրեց իրադարձությունների նման զարգացման (Ֆրանսիայի Սենատի կողմից օրենքի ընդունման)», - նշեց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-