Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել կողմերի փոխադարձ անվստահության մթնոլորտում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Կողմերի միջև վստահության պաշարները բավական քիչ են, իսկ Ադրբեջանը փորձում է իր հակահայկական հայտարարություններով վերջնականապես ոչնչացնել առկա վստահությունը»,- ասաց Բեքարյանը:
Մեկնաբանելով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ քաղաքագետը նշեց, որ չնայած կողմերից որևէ մեկը հանդիպումից մեծ ակնկալիքներ չուներ, սակայն նրանք արդեն հասկանում են փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը: Ըստ փորձագետի՝ միջնորդների գործողությունների հաջորդականության դեպքում, բանակցություններում հնարավոր է որոշակի առաջխաղացում գրանցվի:
Ըստ քաղաքագետի՝ փոխադարձ վստահություն ձեռք բերելու համար, առաջին հերթին, պետք է շփման գծից դուրս բերել դիպուկահարներին: Նա նաև նշեց ուժ չկիրառելու մասին համապատասխան փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը: Բեքարյանը նշեց, որ նման միջոցները կօգնեն քաղաքակիրթ բանակցությունների անցկացմանը:
Միաժամանակ նա նշեց, որ Սոչիի հանդիպումից հետո ընդունված փաստաթղթի տակ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, առանց որի մասնակցության կարգավորման գործընթացում անհնար է առաջխաղացում ձեռք բերել:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-