ԵՄ պատվիրակության ղեկավարը կոչ է արել հայկական կուսակցություններին ավելի մեծ թվով կանանց ընդգրկել նախընտրական ցուցակներում
ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է ավելի մեծ թվով կանանց ընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում՝ խորհրդարանում նրանց ներկայացուցչությունն ավելացնելու համար, կարծում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան (Traian Hristea):
«Ընտրությունների նախաշեմին ես կոչ եմ անում Ազգային ժողովի անդամներին և բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք հաջորդ գումարմանը փորձեն ավելացնել խորհրդարանում իգական սեռի ներկայացուցիչների ներկայությունը»,- «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց նա:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին:
Ըստ Հրիստեայի, Միջխորհրդարանական միության տվյալների համաձայն, խորհրդարանում կանանց ներկայացվածության մակարդակով Հայաստանը 9,2 տոկոս ցուցանիշով գտնվում է 106-րդ տեղում՝ 188 երկրների շարքում, այն դեպքում, երբ ԵԱՀԿ երկրների միջին ցուցանիշը կազմում է 22,3 տոկոս:
«Չնայած ես ընդամենը կես ամիս է, ինչ գտնվում եմ Հայաստանում, հասցրել եմ նկատել հայ կանանց կրթվածության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, և վստահ եմ, որ խորհրդարանն առավել ուժեղ կդառնա, եթե պատգամավոր կանանց քանակն աճի: Խնդրում եմ մտածեք այդ մասին՝ առաջիկա շաբաթվա ընթացքում թեկնածուներ առաջադրելով: Վստահ եմ, որ հայկական քաղաքական կուսակցությունները ներդրում կունենան գենդերային հավասարության ապահովման կարևոր խնդրի իրականացման հարցում»,- նշեց նա:
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերը շահագրգռվածություն կցուցաբերեն, որպեսզի իրենց նախընտրական ցուցակներում ավելի շատ թվով կանանց ներառեն:
«Նորացված Ընտրական Օրենսգիրքը համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածության 5 տոկոսանոց աճ է ենթադրում, որի արդյունքում կանայք կկազմեն խորհրդարանի 20 տոկոսը: Չնայած այսօր մենք գեղեցիկ սեռի ընդամենը 11 ներկայացուցիչ ունենք խորհրդարանում, բայց նրանք բոլորը շատ ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,- ասաց Զոհրաբյանը: -0-