ՀՅԴ-ի գաղափարախոսական մրցակիցները Հայաստանի գլխավոր քաղաքական ուժերն են. Մանոյան

Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսական մրցակիցները Հայաստանի բոլոր գլխավոր քաղաքական ուժերն են, կարծում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սկզբունքորեն քաղաքական բոլոր գլխավոր ուժերը Դաշնակցության գաղափարախոսական մրցակիցներն են, քանի որ դրանք բոլորն աջակողմյան ուժեր են»,- չորեքշաբթի ասաց Մանոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվությունը» նախագծի շրջանակներում:
Ըստ նրա՝ այդ մասին է վկայում այն, որ Հայաստանի խորհրդարանական բոլոր կուսակցությունները (Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները), բացի Դաշնակցությունից, հայտով դիմել են Եվրոպական ժողովրդական կուսակցությանն (EPP) անդամակցության խնդրանքով, իսկ Հայոց համազգային շարժումը, որն արտխորհրդարանական ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի առանցքն է, անդամակցության խնդրանքով է դիմել Եվրոպական ազատական դեմոկրատական և ռեֆորմիստական կուսակցությանը (ELDR):
«Դաշնակցությունն ԱՊՀ տարածքի միակ կուսակցությունն է, որը Սոցինտերնի լիիրավ անդամ է, և նրան հրավիրում են մասնակցելու Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) համագումարներին»,- ասաց Մանոյանը:
Նա նշեց նաև, որ ՀՅԴ-ի համար անընդունելի չէ համագործակցությունը Հայաստանի՝ գաղափարապես մոտ քաղաքական ուժերի հետ:
«Սկզբունքորեն նմանատիպ համագործակցությունն անընդունելի չենք համարում, բայց պետք է նաև հաշվի առնել նման համագործակցության քաղաքական արդյունավետությունը»,- նշեց Մանոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի լրագրողներին տված փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները երկու երկրներում հետաքրքրություն առաջացնող խնդիրների և գործընթացների շուրջ կազմակերպվում են Ռեգիոն հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի «Հայ-ադրբեջանակն երկխոսության այլընտրանքային տեղեկատվություն» նախագծի շրջանակներում:
Նախագծին աջակցել են Հայաստանում և Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանությունները: -0-