Առաջին անգամ հայկական դիվանագիտությունը թուրքականից ուժեղ գտնվեց. փորձագետ

23.12.2011, 13:36
Առաջին անգամ հայկական դիվանագիտությունը թուրքականից ուժեղ գտնվեց. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական դիվանագիտությունն առաջին անգամ թուրքականից ուժեղ գտնվեց, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

«2011 թ.-ի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը թուրքականից ուժեղ էր: Այսօր միջազգային հանրությունը բավականին ուժեղ ճնշում է գործադրում Անկարայի վրա: Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի նկատմամբ ոչ անկեղծ լինելու պատճառով Թուրքիան ստիպված է բարձր գին վճարել», - ասաց Գիրագոսյանն՝ ամփոփելով արտաքին քաղաքական տարվա արդյունքները:

Փորձագետը չի բացառում այն բանի հնարավորությունը, որ այս ամենի արդյունքում Թուրքիան կարող է հաջորդ տարի վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Միաժամանակ նա նշեց, որ 2011 թ.-ին Հայաստանն էականորեն ամրապնդել է իր դիրքերը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի ոչ արդյունավետ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն ավելի ուժեղ դարձավ», - նշեց նա:

Գիրագոսյանը նաև ընդգծեց, որ 2011 թ.-ին Հայաստանը էական առաջընթաց է արձանագրել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում:

Գիրագոսյանի կարծիքով՝ 2012 թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կշարունակվի, սակայն ավելի թույլ, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներում նախագահական ընտրություններ են նախատեսված:

«Այնուամենայնիվ, Հայաստանը տարածաշրջանի ամենամեծ ռազմական ուժն է մնում: Աշխարհը հասկացավ, որ Հայաստանը նպաստում է տարածաշրջանային խաղաղության պահպանմանը և որ Երևանից պատերազմի որևէ սպառնալիք չի բխում», -  նշեց նա:

Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված:-0-