Ադրբեջանը 2011 թվականին երրորդ երկիր է տեղափոխել երեք հայ ռազմագերիների

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը 2011թվականի ընթացքում հայ գերիներից Հայաստանին է վերադարձել Արթուր Բադալյանին, ևս երեք հայ ռազմագերիների ուղարկել է երրորդ երկիր, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստի արդյունքներով:
Հաղորդագրության համաձայն` նույն ժամանակահատվածում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել մեկ ռազմագերու, ևս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր:
Հանձնաժողովի նիստի ընթացքում, որը գլխավորել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են 2011 թվականին կատարված աշխատանքները և 2012 թվականի աշխատանքային ծրագիրը:
Օհանյանի խոսքով՝ 2012 թվականին հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացնելու` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար:
Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: -0-