Հայաստանը եզակի հրավառություն-շոու է նախապատրաստում «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի համար

15.11.2011, 16:24
Հայաստանը եզակի հրավառություն-շոու է նախապատրաստում «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի համար
Հայաստանը եզակի հրավառություն-շոու է նախապատրաստում «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի համար

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի ժամանակ եզակի հրավառություն-շոու կներկայացվի, հայտնեց մրցույթի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ դեկտեմբերի 3-ին, տեղի կունենա հիանալի հրավառություն-ներկայացում, որը մեզ կհաջողվի իրականացնել մեծ ջանքերի շնորհիվ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը, ընդ որում չհայտնելով սցենարի մանրամասները:

Նա նշեց, որ շոուի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար Հայաստան են հրավիրվել արտասահմանցի փորձագետներ, մասնավորապես՝ Ուկրաինայից:

Վարդանյանը տեղեկացրեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղորդավարները լինելու են Ավետ Բարսեղյանն ու մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ինչ վերաբերում է հայ մասնակցին՝ պատանի Դալիթային, ապա նա, ըստ Վարդանյանի՝ գտնվում է հիանալի վոկալային վիճակում և պարապում է օրական 3-4 ժամ:

Գոհար Գասպարյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Հայաստանի հաղթելու հնարավորությունները բավական մեծ են հայ մասնակցուհու պատրաստվածության բարձր մակարդակի շնորհիվ:

Նա նշեց, որ և գլխավոր փորձի՝ դեկտեմբերի 2-ին, և մրցույթի ժամանակ հանդիսատեսին անմոռանալի և վառ շոու է սպասվում:

Բացման արարողությանը ելույթ կունենան հայտնի հայ փոփ երգչուհի Սիրուշոն և անցյալ տարվա «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը՝ Հայաստանը ներկայացնող Ղարաբաղի բնակիչը:

Գասպարյանը նաև տեղեկացրեց, որ մրցույթի բացման ժամանակ ելույթ կունենա Եվրոպայից պատվավոր հյուրը, ում անունը ցանկացել է գաղտնի պահել:

Ըստ նրա՝ ներկայումս ավարտվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմի սարքավորման և գեղարվեստական ձևավորման աշխատանքները, որտեղ տեղի կունենա մրցույթը: «Բեմն արդեն յուրօրինակ և հոյակապ տեսք է ձեռք բերել»,- նշեց նա:

«Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Դալիթան՝ Welcome to Armenia երգով: Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են ևս 12 երկրներ ներկայացնող պատանի կատարողներ և կոլեկտիվներ: -0-