Նորվեգիան կողմ է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների և քաղաքական ջանքերի միջոցով, չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն (Jonas Gahr Støre):
«Նորվեգիան աջակցում է ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - ասել է Շտյորեն:
Նա նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում Նորվեգիան շեշտը դնում է ԵԱՀԿ ՄԽ-ի և միջազգային հանրության ջանքերի վրա, որոնք ուղղված են խնդրի խաղաղ լուծմանը հասնելուն:
Այն հարցին, թե, արդյոք, Նորվեգիան չի՞ վախենում, որ Ադրբեջանում կատարվող նորվեգական խոշոր ներդրումները կուղղվեն զենք գնելուն, Շտյորեն պատասխանել է, որ Նորվեգիայի կառավարությունն ակնկալում է, որ արտերկրում գործող ցանկացած ընկերություն կհամապատասխանի այդ պետության ոչ միայն օրենսդրությանն ու կանոններին, այլև միջազգային չափորոշիչներին:
«Նորվեգիան երկարաժամկետ և լավ դիվանագիտական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մեր նավթային ընկերություններն այնտեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալիզմով: Ես չեմ կասկածում, որ նորվեգական նավթային ընկերություններն աշխատում են Ադրբեջանում՝ համապատասխանելով միջազգային չափորոշիչներին», - ասել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-