Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառել նոր կադրային փոփոխությունների հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի բացառել հանրապետությունում նոր կադրային փոփոխությունների հավանականությունը:
Վերջին օրերի ընթացքում Հայաստանում մի քանի կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Պաշտոնանկ եղավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երեքշաբթի նախագահը պաշտոնանկ արեց Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ այդ պաշտոնում նշանակելով նախկին պաշտպանության փոխնախարար և Ռազմական Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին: Մամուլում ակտիվորեն խոսակցություններ են պտտվում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հնարավոր հրաժարականի մասին:
«Կարծում եմ` լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց ինչ-որ բան տեղի կունենա»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ կադրային փոփոխությունները մշտական գործընթաց է: «Դա ինքնանպատակ չէ, ոչ ոք նախօրոք չի որոշում, թե քանի ամսից և որ պաշտոններում են այդ փոփոխությունները կատարվելու»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ այդ քայլերը որոշվում են երկրի քաղաքական պայմաններով և տնտեսական զարգացումներով:
Սահակյանը նաև ավելացրեց, որ այդ գործընթացը պետք չէ կապել առաջիկա ընտրությունների հետ:
Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, երեքշաբթի տեղի կունենա կուսակցության Խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվեն ընթացիկ աշխատանքային հարցերը:
Միաժամանակ նա զերծ մնաց կուսակցության Խորհրդի կողմից նոր կադրային փոփոխությունների քննարկման հնարավորության մեկնաբանություններից: Նիստի օրակարգի մեջ նաև «այլ հարցեր» են մտնում: »Թե հատկապես որ, այժմ չեմ կարող ասել», - ասել է Շարմազանովը: -0-