ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ են ներկայացված եկեղեցու ունեցվածքի և հողերի հարկերից ազատելու շուրջ ստեղծված իրարանցման կապակցությամբ:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները: Օրինագծի էությունն է գույքահարկից ազատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ունեցվածքի նախնական ցուցակը, որը նախատեսվում էր ազատել հարկերից, մեծ քննարկման առարկա դարձավ ԶԼՄ-ներում: Ցուցակում նշվում են մի շարք օբյեկտներ, մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտներ, առանձնատներ, ֆուտբոլային դաշտեր:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակում ներառված ունեցվածքը, ինչը և տարակուսանք է առաջացրել, ներկայացված է այն անվանումներով, որոնցով փոխանցվել է Եկեղեցուն կամ ձեռք բերվել նրա կողմից:
Փաստաթղթում նշվում է, որ այդ ունեցվածքը դեռ արձանագրված է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
«Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով», - նշեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունել է օրենքում կատարված փոփոխությունները՝ ինչն արտահայությունն է հայրենի պետության կարևոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի և ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ:
Նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հարկումից ազատվող ունեցվածքի ցուցակները կհաստատվեն կառավարության կողմից, և նրանց մեջ կներառվեն միայն այն օբյեկտները, որոնք նախատեսված են հոգևոր ծառայության համար:-0-