Հայաստանը ժողովրդավարացման գործընթացի ակտիվ մասնակիցներից մեկն է. քաղաքագետ
Հայաստանը աշխարհի այն երկրների թվում է, որոնք ակտիվ մասնակցություն ունեն ժողովրդավարացման գործընթացում, հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ժողովրդավարությունը վերջնական ակտ չէ, այլ գործընթաց է: Կան երկրներ, որոնք չկան այդ գործընթացում, բայց Հայաստանն այն երկրներից մեկն է, որը մասնակցում է դրան»,- ուրբաթ «Ժողովրդավարությունները սպառնալիքի տակ» և «Ժողովրդավարությանն անցնելու խնդիրներն ու ժողովրդավարության կայացումը. Հարավային Եվրոպա, Հարավային Ամերիկա և հետխորհրդային Եվրոպա» գրքերի շնորհանդեսի ժամանակ ասել է Իսկանդարյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է ՀՀ քաղաքացիների մտածելակերպի և մթնոլորտի փոփոխության ակնհայտությունը:
Նա ընդգծել է, որ հայկական հասարակության մտածելապերպը վերջին շրջանում առավել պետականամետ է դառնում և միաժամանակ «սեփական արժանապատվության և ազատության զգացում է խրախուսում»:
Աշոտյանն ավելացրել է, որ խոսքը նաև այն մասին է, թե որքան հստակ են հասարակության մեջ ժողովրդավարության փոփոխությունները, և այդ տեսանկյունից ընդգծել է առկա դժվարությունների հաղթահարման կարևորությունը՝ հասարակությանը չհիասթափեցնելու համար: -0-