Առաջին համաշխարհային «Հայագրոֆորումը» կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-16-ը

12.10.2011, 13:22
Առաջին համաշխարհային «Հայագրոֆորումը» կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-16-ը
Առաջին համաշխարհային «Հայագրոֆորումը» կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-16-ը

Առաջին համաշխարհային «Հայագրոֆորումը» կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-16-ը հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակներում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Բացի այդ, Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ հոկտեմբերի 16-ին կնշվի Գյուղատնտեսության աշխատակցի օրը, և դա խորհրդանշական է, քանի որ այն համընկել է Պարենի համաշխարհային օրվա հետ», - տեղեկացրեց նախարարը:

Նրա խոսքերով՝ ֆորումին կմասնակցի 1200 ֆերմեր Հայաստանից և սփյուռքից: Բացի այդ, իրենց մասնակցությունը հաստատել են 40 ֆերմերներ աշխարհի ինը երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Ֆորումին կմասնակցի նաև Ղարաբաղը ներկայացնող պատվիրակությունը:

«Մասնակիցները կժամանեն Հայաստանի բոլոր մարզերից: Ֆորումի շրջանակներում մենք ցանկանում ենք կազմակերպել ճոխ տոնակատարություններ, քանի որ գյուղատնտեսության ցուցանիշներն այս տարի դրական են, և որոշակի ձեռքբերումներ կան, որոնք մենք ցանկանում ենք ցուցադրել», - մեջբերում է նախարարի խոսքերը «ԱՌԿԱ» գործակալությունը:

Կարապետյանի խոսքերով՝ ֆորումի շրջանակներում կներկայացվեն ոլորտում կատարված փոփոխություններն ու գոյություն ունեցող խնդիրները:

«Ֆորումն աննախադեպ հնարավորություն կընձեռի Հայաստանի, սփյուռքի, օտարերկրյա ձեռներեցներին ներկայացնել սեփական արտադրանքը, ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության հնարավորությունների հետ և համագործակցություն հաստատել: Ֆորումի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Ձեռներեցների և ֆերմերների համահայկական ասոցիացիա ագրոպարենային ոլորտում», - ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին սփյուռքից ժամանած մասնակիցները կմասնակցեն Արարատում կայանալիք բերքի տոնին, որտեղ կհանդիպեն մարզի վերամշակող ձեռնարկությունների հետ, իսկ հոկտեմբերի 16-ին Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Գյուղատնտեսության աշխատակցի օրվա տոնակատարությունը:

«Բոլոր մարզերում գյուղատնտեսական ապրանքներով տաղավարներ կտեղադրվեն, կներկայացվի նաև վերամշակող արդյունաբերության արտադրանքը և կկազմակերպվի գինու, պանիրի, պահածոների, հյութերի, մեղրի համտես, այնպես որ մենք շատ ճոխ տոնակատարություններ ենք նախատեսում», - ասաց նա:-0-