Հարկադիր կատարման ինստիտուտը Հայաստանում անցել է կայացման բարդ ճանապարհ. վարչապետ

11.10.2011, 17:23
Հարկադիր կատարման ինստիտուտը Հայաստանում անցել է կայացման բարդ ճանապարհ. վարչապետ

Հարկադիր կատարման ինստիտուտը Հայաստանում անցել է կայացման բարդ ճանապարհ, երեքշաբթի Ծաղկաձորում «Պետական և մասնավոր համակարգերում դատական ակտերի հարկադիր կատարման արդի խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երկօրյա համաժողովը կազմակերպված է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կողմից:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանի նպատակն էր գտնել արդյունավետ մեխանիզմներ, որոնք ապահովելու էին դատական ակտերի կիրառումը և հանրության կողմից այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը:

«Այդ տեսակետից, մեր օրենսդրությունը փուլ առ փուլ կատարելագործվել է և մենք պատրաստ ենք բոլորին ներկայացնել մեր կուտակած փորձը: Մեզ համար հետաքրքիր է ուսումնասիրել նաև միջազգային փորձը, մասնավորապես, մասնավոր հարկադիր կատարողի ինստիտուտի ներդրման առումով: Գիտենք, որ կան երկրներ, որտեղ այս մեխանիզմն արդյունավետ կերպով է կիրառվում՝ չնայած պետական հարկադիր կատարման ինստիտուտի առկայությանը»,- ասել է նա:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ԴԱՀԿ համակարգում ներդրվել է էլեկտրոնային մեխանիզմ՝ աճուրդներն այս եղանակով կազմակերպեու նպատակով: «Կարծում ենք՝  այդ եղանակի ներդրումը ԴԱՀԿ-ի  գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ, որով բարձրանում է նաև մեր քաղաքացիների վստահությունը վերջինիս նկատմամբ»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը խոստովանել է, որ դեռևս էլեկտրոնային եղանակով գործառույթների ծավալները մեծ չեն, և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ  Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բուռն զարգացումներ տեղի են ունենում միայն վերջին հինգ տարիների ընթացքում, ինչի արդյունքում ինտերնետից օգտվողների քանակն սկսել է կտրուկ աճել:

«Սա մեզ հնարավորություն է տալիս նաև ԴԱՀԿ-ի բնագավառում կիրառել ժամանակակից մոտեցումներ և նրա գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ»,- ասել է նա:  

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա գտնել լուծումներ, որոնք կնպաստեն բացահայտել նոր գործիքներ և օրենսդրական մեխանիզմներ՝ ԴԱՀԿ-ի աշխատանանքերի արդյունավետության բարձրացման նպատակով:

Համաժողովին, որին ներկա է եղել նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մասնակցում են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Իսրայելի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Շվեդիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ:  -0-