Հայաստանը և Ռուսաստանը լավատեսորեն են նայում իրենց ժողովուրդների ապագային. Ժորես Ալֆյորով

10.10.2011, 13:36
Հայաստանը և Ռուսաստանը լավատեսորեն են նայում իրենց ժողովուրդների ապագային. Ժորես Ալֆյորով

Հայաստանը և Ռուսաստանը լավատեսորեն են նայում իրենց ժողովուրդների ապագային և ձգտում են գիտության զարգացմանը, երկուշաբթի ՀՀ ԳԱԱ ընդլայնված նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովը:

«Մեր գիտնականների համագործակցությունը հին պատմություն ունի, և այսօր ինձ համար շատ հաճելի է կրկին գտնվել Հայաստանում և ի նշան իմ աշխատանքի բարձր գնահատականի՝ արժանանալ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի պատվավոր կոչման»,-նշել է Ալֆերովը:

Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովին երկուշաբթի հանձնվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի դիպլոմ:

Հանձնման արարողությունը անցկացվեց ԳԱԱ ընդլայնված նիստի շրջանակներում, որին մասնակցեցին բուհերի և ԳԱԱ գիտական ինստիտուտների ղեկավարներ, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչներ:

Գիտնականը նաև նշել է, որ բավականին տպավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից: «Շատ կարևոր է, որպեսզի պետության ղեկավարը գիտակցի գիտության զարգացման նշանակությունը, և տվյալ դեպքում ՀՀ նախագահը բարձր է գնահատում և ձգտում է իր երկրում գիտական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը»,- ասել է Ալֆյորովը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել նոբելյան դափնեկրին՝ Երևան կատարած իր այցի համար:

«Շատ երիտասարդ (հայ ուսանողներ) անցել են Լենինգրադի ֆիզտեխով, և տվյալ պահին ՀՀ բուհերի ավելի քան 30 դասախոսներ Ձեր աջակցության շնորհիվ, այնտեղ վերապատրաստում են անցել»,- Ալֆյորովին դիպլոմ հանձնելով՝ ասել է Մարտիրոսյանը:

Ժորես Ալֆյորովը 2000 թվականին նոբելյան մրցանակի է արժանացել  կիսահաղորդչային հետերկառուցվածքների և արագագործ օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման համար: Նա արժանացել է աշխարհի ավելի քան 50 տարբեր գիտակրթական կենտրոնների պատվավոր անդամի կոչման: Հեղինակ է 500 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 50 հայտնագործությունների:

Այցի շրջանակներում Ժորես Ալֆյորովը ելույթով հանդես կգա Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ)  տեղի ունենալիք «Լազերային ֆիզիկա 2011» միջազգային գիտաժողովում:

Նույն օրը ակադեմիկոս Ալֆյորովը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կկարդա «21-րդ դարի կիսահաղորդչային հեղափոխություն» 40 րոպեանոց դասախոսությունը:  -0-