Ֆրանսիան ստիպված կլինի դիմել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը, եթե Թուրքիան չճանաչի այն. Սարկոզի

Փարիզը ստիպված կլինի դիմել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը, եթե Թուրքիան հրաժարվի ճանաչել այն, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո:
«Կոլեկտիվ ժխտումն անհատական ժխտումից ավելի լուրջ է: Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա մենք Ֆրանսիայում ստիպված կլինենք դիմել այլ նախաձեռնությունների, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման քրեականացմանը», - ասաց Սարկոզին:
Հինգշաբթի պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:
Սարկոզիի հետ միասին հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆրանսիայի նախագահին ուղեկցել է ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Սարկոզին ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներին՝ պատվավոր հյուրերի գրքում կատարելով գրառում՝ «Ֆրանսիան չի մոռանում»: Այնուհետև նա եղևնի է տնկել Հիշատակի ծառուղում:
Ֆրանսիան 2001 թ.-ին խորհրդարանի մակարդակով ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը դեռևս ընդունված չէ Սենատի կողմից:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-