Երևանի քաղաքապետը շնորհավորել է հայ մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Ուսուցչին նվիրված տոնը ծավալվել և ձեռք է բերել պետական և համազգային տոնի հնչեղություն, քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում կարևոր դեր ունի ուսուցիչը: Ուսուցչին է վստահված մեր երկրի ապագան. այսօր նա է երեխաների հոգում ձևավորում մեր երազած Հայաստանի պատկերը», - նշվում է Կարապետյանի ուղերձում:
Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են:
Ավելի վաղ Հայաստանում Ուսուցչի օրը նշվում էր հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, սակայն նախորդ տարվանից կառավարության նախաձեռնությամբ այն նշվում է հոկտեմբերի 5-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թ.-ին հիմնադրված Ուսուցչի համաշխարհային օրը (World Teaches' Day) ամեն տարի նշվում է ավելի քան 100 երկրում:
Ուսուցչի օր հաստատելու համար պատմական նախադրյալ է դարձել 1996թ.-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում Ուսուցիչների կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական խորհրդաժողովը (Special Intergovernmental Conference on the Status of Teachers)։ -0-