Հայտնի երաժիշտներ Կաշիմոտոն և Չաուշյանը կնվագեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգին

29.09.2011, 18:41
Հայտնի երաժիշտներ Կաշիմոտոն և Չաուշյանը կնվագեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգին

Ականավոր երաժիշտներ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դաշնակահար, ջութակահար Դայշին Կաշիմոտոն և Լոնդոնի թագավորական երաժշտական դպրոցի պրոֆեսոր, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը հոկտեմբերի 1-ին կնվագեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախոըւմբը այս տարի նշում է 85-ամյա հոբելյանը: Հոբելյանական տոնական միջոցառումների շրջանակներում նվագախումբը և ՀՀ մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 12-ը Երևանյան միջազգային փառատոն են կազմակերպել, որն անցնում է երկրի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:   

Փառատոնը նվագախմբի համար եռակի տոն կդառնա, այն կնվիրվի ոչ միայն Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյա հոբելյանին, այլ նաև փառատոնի հնգամյա հոբելյանին  և ՀՀ անկախության 20-ամյակին:

«Մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի այդ օրը համերգին մասնակցեր Ալեքսանդրը, ինչպես նաև Դայշին Կաշիմոտոն, ով մեր նվագախմբի համար առավել ցանկալի արտիստներից մեկն է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թոփչյանը:

Փառատոնի վերջին երկու համերգները կխմբավարեն համաշխարհային հայտնի դիրիժորներ Կլաուդիո Վանդելին և Քրիսթոֆեր Ուորեն-Գրինը:

Թոփչյանը տեղեկացրեց, որ համերգի ծրագրացանկում է ականավոր հայ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմը», Էդուարդ Լալոյի նվագախմբի և ջութակի համար գրված «Իսպանական սիմֆոնիան», իսկ համերգի երկրորդ մասում կկատարվի Յոհան Բրամսի ջութակի և թավջութակի համար գրված «Կրկնակի կոնցերտը»:

Կաշիմոտոն իր հերթին հայ լրագրողներին հայտնեց, որ մեծ ուրախություն է ապրում  յուրաքանչյուր անգամ Երևան գալով:

Նա բարձր է գնահատում նվագախմբի երաժիշտների ստեղծագործական մակարդակը՝ նշելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը միշտ կախված է ինչպես կոլեկտիվի և դիրիժորի աշխատանքից, այնպես էլ իր սեփական տրամադրվածությունից:

Փառատոնի ծրագիրը բաղկացած է 10 սիմֆոնիկ և կամերային համերգներից, որոնց ժամանակ ելույթ են ունենում համաշխարհային մեծության շուրջ 15 ժամանակակից երաժիշտներ: -0-