Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը

21.09.2011, 14:28
Հայաստանը նշում է անկախության 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը  սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 20-րդ տարեդարձը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվում ողջ հանրապետությունում: Իր ծավալներով աննախադեպ ռազմական շքերթով մեկնարկեցին տոնակատարությունները: Միջոցառումների կազմակերպիչները հետաքրքիր ծրագիր են խոստանում երաժշտական տարբեր անձնակազմերի մասնակցությամբ և ցնցող շոու Երևանի կենտրոնում լազերային և լուսային էֆեկտների օգտագործմամբ:

Հանդիսություններին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հազարավոր հյուրեր արտասահմանից, այդ թվում` ողջ աշխարհի սփյուռքահայության ներկայացուցիչներ:
 
Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ը (1920-1991 թթ.).    

Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում: 

Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությւոնը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:
 
Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: 20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադրի համաձայնագրի ստորագրմամբ:
 
Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:
 
Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:

«Մենք վաստակել ենք մեր անկախությունը` աշխարհին և ինքներս մեզ ապացուցելով, որ իրավունք ունենք ապրելու սեփական հողում սեփական կանոններով և սեփական արժեքներով»,- վստահ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
  
Նրա խոսքով` հայ ժողովրդի բազմադարյա երազանքը` սեփական անկախ պետության գոյությունը, իրականություն է, որի պատմությունն արդեն երկու տասնամյակ ունի: «Իսկապես, 1991թ. սեպտեմբերի 21-ին մենք նոր էջ բացեցինք Հայաստանի պատմության մեջ, որն այսօր լրացնում ենք բոլորս միասին»,- ընդգծել է նախագահը։

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ՀԱՊԿ-ի ակտիվ անդամը: Միաժամանակ երկիրն արդյունավետ համագործակցում է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ:
 
Երկրի բարձր վարկանիշն աշխարհում հաստատում են համաշխարհային գերտերությունների առաջնորդները:
 
«Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, ամրապնդել՝ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները»,- ասվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ  Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն և խաղաղություն տանող ճանապարհով:

«Գործընկերությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև՝ հարաճուն»,- ընդգծել է Օբաման:

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրները ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն է, տնտեսության զարգացումը, սոցիալական խնդիրների լուծումը, գիտատար տնտեսության զարգացումը: -*0-