Հայաստանը գնաճի նվազման է հասել ամենակարճ ժամկետներում. ԱՄՀ

Հայաստանին հաջողվեց արագ արձագանքել գնաճին, ինչի շնորհիվ ներկայում նվազում են դրա աճի տեմպերը, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնը (Мark Horton) Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
«Ձեզ հաջողվեց արագորեն արձագանքել գնաճի տեմպերին, ինչին գումարվեցին նաև գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, և այդ առիթով ես Ձեզ շնորհավորում եմ»,- մեջբերում է Մարկ Հորթոնի խոսքերը Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ըստ նրա՝ իրավիճակը վերջին անգամվա համեմատ, երբ առաքելությունը Հայաստանում եղել է մարտին, արմատապես փոխվել է:
«Գնաճն այն ժամանակ շատ արագ տեմպերով բարձրանում էր: Հիմա, կարծում եմ, որ այդքան կարիք չկա գնաճի մասին խոսելու՝ տեսնելով, թե ինչ արագությամբ է գնաճի տեմպն իջնում»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4.8 տոկոսանոց գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է պարենամթերքի գների 6.9-տոկոս (ներառյալ ոգելից խմիչքն ու ծխախոտը) և ոչ պարենային մթերքի 3-տոկոս բարձրացումով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ օգոստոսի գնանկումը 2010 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 0.2 տոկոս: -0-