Ազգային ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հանումը բացառապես ՀՀ նախագահի մենաշնորհն է, հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հայկական խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները՝ Դաշնակցությունը և «Ժառանգությունը» երեքշաբթի՝ աշնանային նստաշրջանի առաջին օրը, առաջարկել են հանել Ազգային ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները:
«Որոշ ժամանակ առաջ նախագահն արդեն մեկնաբանություններ արել է այդ առիթով, և ես ասելու ոչինչ չունեմ: Պետության ղեկավարն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանն ուժեղ երկիր դառնա, և նրա բոլոր գործողություններն ազգային և պետական շահերից են ելնում»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Շարմազանովը:
Սակայն Շարմազանովը չի բացառել ապագայում հայկական խորհրդարանի օրակարգից արձանագրությունները հանելու հնարավորությունը, եթե թուրքական կողմը կրկին դրանք խորհրդարան չներկայացնի:
Օգոստոսի 30-ին ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի և արտերկրում հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղուն և իր դիրքորոշմանը՝ սակայն նշելով, որ թուրքական կողմը պետք է նաև հասկանա, որ հայ-թուրքական արձանագրությունները բաց և հավերժական հնարավորություն չեն:
Սարգսյանը նաև ընդգծեց, որ արձանագրությունների վերաբերյալ հետագա քայլերը կորոշվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ կախված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մոտեցումների փոփոխություններից:--0--