ՀՀ նախագահը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

05.09.2011, 13:47
ՀՀ նախագահը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին
ՀՀ նախագահը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 20-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 20-ամյակին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր շքերթին:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է ցուցադրություն՝ ՀՀ ԱԻՆ մարզային և մասնագիտաված ստորաբաժանումների մասնակցությամբ: Հանդիսությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը նշել է, որ պետական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամակարգեր արտակարգ իրավիճակներից Հայաստանի բնակչության պաշտպանության ոլորտը, թելադրված էր 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներով:

1991 թ.-ի հուլիսի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն է ստեղծվել, իսկ նույն թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական վարչությունը: Սեպտեմբերի 4-ը՝ Հայաստանում առաջին պետական փրկարար ջոկատի ստեղծման օրը, նշվում է որպես արտակարգ իրավիճակների համակարգի աշխատողի օր:

«Մեր այսօրվա զարգացումը համահունչ է համաշխարհային միտումներին և մարտահրավերներին», - ասել է Երիցյանը:

Նրա խոսքերով՝ բնական աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ և գործնական համակարգի ձևավորումը կարևոր է երկրի համար ոչ միայն ռիսկերի և աղքատության մակարդակի նվազեցման, բնապահպանական խնդիրների լուծման, այլև երկրի կայուն զարգացման տեսակետից:

«Որպես նախարար՝ վստահեցնում եմ, որ մեր համակարգը բավականին մասնագիտացած և հմտացած է, որպեսզի Հայաստանը լինի կայուն աղետների նկատմամբ», - ասել է ԱԻՆ ղեկավարը:

Հանդիսավոր քայլերթից հետո տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման նոր կենտրոնի բացումը: Վերանորոգված, նորագույն տեխնոլոգիաներով համալրված կենտրոնը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ճգնաժամային իրավիճակների կառավարումը:

Հանդիսավոր միջոցառումը կշարունակվի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ տոնական համերգ կկազմակերպվի:-0-