ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է Ճանապարհային ոստիկանության ղեկավարի պաշտոնում նշանակման մասին խոսակցությունները։
Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանի ձերբակալման մասին, ում կասկածում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության մեջ։
«Նման խոսակցություններն անտեղի են, ես ծառայության մեջ եմ և կատարելու եմ իմ պարտականությունները, իսկ աշխատակիցների անձնական նախապատվությունները ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ ղեկավարության որոշման վրա՝ այս կամ այն պաշտոնի նշանակման վերաբերյալ»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը, տվյալ քրեական գործի մասնակիցներից մեկը նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի նախկին հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն է, ով ձերբակալվել է անցած ուրբաթ։
Գործի նյութերի համաձայն՝ Կարախանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նպատակային նշանակմամբ 277 հազար լիտրից 121 հազար լիտր բենզին է օգտագորել, որը նախատեսված էր իրեն ենթակա գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար։
Օգոստոսի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը Ոստիկանությունից նաև օրենքի խախտմամբ, առանց թեստավորման և քննություններ հանձնելու վարորդական իրավունք տրամադրելու, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնյա անձանցից կաշառք վերցնելու առթիվ քրեական գործ է ստացել։ -0-