Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների ցուցակը գլխավորում են դատավորները. թերթ

«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների ցուցակը, որտեղ առաջին 30 տեղերը հիմնականում զբաղեցնում են դատավորները, ԿԲ և ուժային կառույցների ներկայացուցիչները:
Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը, ում պաշտոնը հոդվածի հեղինակը չի նշում, կազմում է 400 հազար դրամ (ավելի քան 1000 դոլար):
Ցուցակում առաջին երեք տեղերը զբաղեցնում են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը՝ ամսական 1,716 մլն դրամ (շուրջ 4,7 հազար դոլար) աշխատավարձով, Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը՝ 1,425 մլն դրամ (շուրջ 3,9 հազար դոլար) աշխատավարձով և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը՝ 1,36 մլն դրամ (շուրջ 3,7 հազար դոլար) աշխատավարձով:
Ըստ հոդվածի՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ստանում է 1,345 մլն դրամ (շուրջ 3,66 հազար դոլար) աշխատավարձ, նրա տեղակալ Ներսես Երիցյանը՝ 1,166 մլն դրամ (շուրջ 3,17 հազար դոլար), իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ 1,176 մլն դրամ (շուրջ 3,2 հազար դոլար):
Քննչական հատուկ ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը ամսական ստանում է 764 հազար դրամ (շուրջ 2,1 հազար դոլար), իսկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ 350 հազար դրամ (շուրջ 950 դոլար): ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի աշխատավարձը կազմում է 408 հազար դրամ (շուրջ 1,1 հազար դոլար):
Ամսական 340 հազար դրամ է (ավելի քան 920 դոլար) ստանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ստանում է 325 հազար դրամ (ավելի քան 880 դոլար):
300 հազարական դրամ են (շուրջ 815 դոլար) ստանում մյուս նախարարները, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:-0-