Աշխարհի առաջնությունում հաղթանակ տարած հայ շախմատիստները կառավարության որոշմամբ ավելի քան 20 հազար դոլար կստանան

25.08.2011, 15:40
Աշխարհի առաջնությունում հաղթանակ տարած հայ շախմատիստները կառավարության որոշմամբ ավելի քան 20 հազար դոլար կստանան

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 7,5 մլն դրամի (20,4 հազար դոլար) չափով դրամական պարգևներ հանձնել աշխարհի թիմային առաջնությունում հաղթանակ տարած հայ հինգ շախմատիստներին և մարզչին:

Այս նպատակով որոշում է ընդունվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատկացնել 45 մլն դրամ (շուրջ 122,4 հազար դոլար):

Հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի անդամներին և հայ ժողովրդին «փառավոր հաղթանակի» կապակցությամբ:

Հայ շախմատիստները պատմության ընթացքում առաջին անգամ նվաճել են 2011 թ.-ի հուլիսի 15-26-ը Չինաստանում կայացած աշխարհի թիմային առաջնության «ոսկին»: Հավաքականը ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու մարզիչ Արշակ Պետրոսյանը:

Հայաստանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Ընդ  որում շախմատի հայ վարպետներն արժանացել են այս տիտղոսին երկու անգամ անընդմեջ՝ 2006 թ.-ի Թուրինում և 2008 թ.-ին Դրեզդենում:-0-