Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները կանցնեն «Հայաստանը դու ես» նշանաբանի ներքո

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված (սեպտեմբերի 21) միջոցառումները կանցնեն «Հայաստանը դու ես» նշանաբանի ներքո, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տոնական միջոցառումների նախապատրաստական և կազմակերպման աշխատանքների համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Նշանաբանը նշանակում է, որ Հայաստանը ես եմ, դու ես, մեզանից յուրաքանչյուրը, և մենք ենք որոշում մեր երկրի ապագան», - ասաց նա:
Սարգսյանի խոսքերով՝ հատուկ տոնի համար գրվել է երգ՝ նույնատիպ վերնագրով: Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: «Տոնական միջոցառումների համար ընդհանուր առմամբ երեք երգ է գրվել, նկարահանվել են նրանց հոլովակներ, որոնք առաջիկայում եթերում կլինեն», - ընդգծեց նա:
Տոնի գլխավոր խորհրդանիշի դիզայնը մշակել է «Երևան Փրոդաքշն» ընկերությունը, իսկ հոլովակները նկարահանվել են «Շարմ» ընկերության կողմից:
Սարգսյանը նաև ավելացրեց, որ տոնի գլխավոր խորհրդանիշը կդառնա «2011» տարեթիվը, որի վերջին երկու թվերը ձևափոխվել են հայկական «ՀՀ» հապավման՝ Հայաստանի Հանրապետություն:
Նա նաև տեղեկացրեց, որ որոշվել է միավորել երկու տոները՝ հանրապետության անկախության 20-ամյակն ու Երևան քաղաքի օրը, և սեպտեմբերի 21-ին կնշվի նաև մայրաքաղաքի օրը:
«Երկրի ողջ տարածքում բազմաթիվ համերգներ կկազմակերպվեն, կենտրոնում կտեղադրվեն համերգային հարթակներ երաժշտական տարբեր ժանրերի համար, կկազմակերպվի տոնավաճառ, այսինքն տեղի կունենան բոլոր այն միջոցառումները, որոնք մենք սովորաբար անցկացնում ենք քաղաքի օրվա կապակցությամբ», - նշեց Սարգսյանը:
Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էր քվեարկել:
Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։--0—