Երևանի խուզարկուները «սև հագուստով մարդկանց» խմբավորմանն են փնտրում, գլխավոր դատախազը պահանջել է սանձել հանցագործներին

24.08.2011, 13:13
Երևանի խուզարկուները «սև հագուստով մարդկանց» խմբավորմանն են փնտրում, գլխավոր դատախազը պահանջել է սանձել հանցագործներին
Երևանի խուզարկուները «սև հագուստով մարդկանց» խմբավորմանն են փնտրում, գլխավոր դատախազը պահանջել է սանձել հանցագործներին

Երևանում գործում է  կայուն զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը, ասել է  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդակցության ժամանակ, որի  ընթացքում քննարկվել է Երևան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը: 

Ավազակային հարձակումները հիմնականում արձանագրվել են Երևանի  Մալաթիա-Սեբաստիա և Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում: Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ և կատարվում է նախաքննություն:  Ընդ որում՝ քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեև կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:

Նշված երկու վարչական շրջաններում ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 1-ը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում:

Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան՝ ժամը 04:30-06:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սև հագուստներով, սև դիմակներով և ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել  նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունն իրականացնել համատեղ՝ քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

«Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- նշել է Հովսեփյանը։

Ըստ նրա՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության  թիվ 1 նախապայմանը հանցագործության բացահայտումն է։ Գլխավոր դատախազը ցուցում է տվել հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (բանդիտիզմ):

ՀՀ գլխավոր դատախազը ոստիկանության ուշադրությունն է հրավիրել  նաև այն փաստի վրա, որ ընթացիկ տարում ընդհանրապես հանրապետությունում նկատվել է ավազակային հարձակումների աճ՝ հանձնարարելով ձեռնարկել կտրուկ միջոցառումներ դրանք բացահայտելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը,  Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, Ավան և Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, նախաքննություն իրականացնող քննիչները:-0-