Հայ նավաստիների արշավախմբերը բարձրացնում են Հայաստանի վարկանիշն աշխարհում. նավապետ

23.08.2011, 17:21
Հայ նավաստիների արշավախմբերը բարձրացնում են Հայաստանի վարկանիշն  աշխարհում. նավապետ
Հայ նավաստիների արշավախմբերը բարձրացնում են Հայաստանի վարկանիշն  աշխարհում. նավապետ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանը հայ նավաստիների շուրջերկրյա ծովային ճանապարհորդությունները չափազանց կարևոր է համարում աշխարհում Հայաստանի վարկանշի բարձրացման համար:

«Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի շրջանակներում շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել էր 2009 թ.-ի մայիսի 28-ին Վալենսիայի նավահանգստից: Ճանապարհորդության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում արշավախումբը եղել է բոլոր վայրերում, որտեղ գոնե մեկ հայ է ապրում: «Արմենիան» խարիսխ է գցել հինգ մայրցամաքների նավահանգիստներում, նավարկել է Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերում:

«Նման արշվախմբերը հնարավորություն են ընձեռում աշխարհի բոլոր անկյուններում մեր երկրի մասին պատմելու: Ծով դուրս գալու ճանապարհ չունենալով` մեր երկիրը կարողացավ կապ հաստատել աշխարհի բազմաթիվ նավահանգստային քաղաքների հետ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Ըստ նրա՝ այդ արշավախումբը մեծ նշանակություն է ունեցել ինչպես մարզական, այնպես էլ պատմական և տնտեսական առումով:

«Առաջին հերթին, նման ծովային ճամփորդությունը մարզաձև է, Հայաստանի պատմության մեջ յուրատեսակ ճանապարհորդություն: Երկրորդ հերթին, մենք կարողացանք հանդիպել ողջ աշխարհում սփռված հայերի հետ, ծանոթանալ արտերկրի համայնքներին և հայկական մշակույթի հուշարձաններին»,- ասաց կապիտանը:

Ինչպես կարծում է Կարապետյանը, արշավախումբը նաև բիզնես ծրագրի առումով է կարևոր նշանակություն ունեցել: «Մենք ամուր կապեր ենք հաստատել աշխարհի տարբեր երկրներում, ինչը կարող է բարենպաստ հիմք ծառայել հետագա ներդրումների համար»,- ասաց նա:

Նավապետն ավելացրեց, որ առագաստանավի անձնակազմը պատրաստ է նոր ճամփորդության ուղևորվել, նոր երկրներ և կղզիներ այցելել, սակայն ցանկացած նման արշավախումբ լուրջ ծախսերի հետ է կապված: «Եթե հաջողվի ֆինանսավորում գտնել, մենք անպայման կշարունակենք շուրջերկրյա ճամփորդությունը»,- ասաց նա: -0-