Կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների վեցերորդ փուլն է մեկնարկել Երևանում [Տարբերակ 1]
![Կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների վեցերորդ փուլն է մեկնարկել Երևանում [Տարբերակ 1] Կոալիցիա-ՀԱԿ բանակցությունների վեցերորդ փուլն է մեկնարկել Երևանում [Տարբերակ 1]](/upload/iblock/e2c/dv3tldricufkwl27d77m8gxilp26n1p5.jpg)
Հայաստանի իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բանակցությունների շրջանակում աշխատանքային խմբերի հերթական՝ վեցերորդ հանդիպումը մեկնարկեց երեքշաբթի Երևանում, հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն` վեցերորդ հանդիպումը պետք է անցկացվեր օգոստոսի 19-ին, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց օգոստոսի 23-ին։
Հինգերորդ հանդիպման արդյունքում ՀԱԿ աշխատանքային խմբի համակարգող Լևոն Զուրաբյանն ու իշխող կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երկխոսության շարունակման մասին համատեղ հայտարարություն ներկայացրեցին:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը դեռևս ձեռնպահ կմնան ոստիկանության և ՀԱԿ-ի ակտիվիստների միջև օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը մեկնաբանելուց՝ մտադիր լինելով այդ միջադեպի մանրամասները քննարկել հաջորդ հանդիպման ժամանակ:
Դրանից մեկ օր առաջ Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի իշխանություններին 24 ժամ էր տվել ՀԱԿ-ի՝ ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումից հետո ձերկաբալված երեք ակտիվիստների խափանման միջոցը փոխելու հարցին լուծում տալու համար։
Նախորդ շաբաթ Հայաստանի վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀԱԿ-ի ձերբակալված երեք ակտիվիստներից երկուսն ազատ են արձակվել: Դատարանը երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակել Սարգիս Գևորգյանին, ինչպես նաև՝ Արտակ Կարապետյանին 3 մլն դրամի (ավելի քան 8 հազար դոլար) չափով գրավի դիմաց, սակայն մերժել է նույն գումարի չափով գրավի դիմաց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Առաքելյանին այս գործով մեղադրանք է ներկայացվել երեք հոդվածներով՝ խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր և ոչ վտանգավոր բռնության կիրառում:
Չորրորդ հանդիպման ընթացքում ՀԱԿ-ն իշխանություններին ներկայացրեց խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորող 85-էջանոց փաստաթուղթ, որի վերաբերյալ կոալիցիան պետք է ներկայացներ իր եզրակացությունը:
Սակայն հինգերորդ հանդիպման առարկա դարձավ ընդդիմության ձերբակալված ակտիվիստների հետ կապված միջադեպը:-0-