Երևանի ծննդատներից մեկում ավազակային հարձակում է կատարվել. ոստիկանություն

17.08.2011, 13:39
Երևանի ծննդատներից մեկում ավազակային հարձակում է կատարվել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ոստիկանությունը բերման է ենթարկել մայրաքաղաքի ծննդատներից մեկի տարածքում ծննդկան մի կնոջ կողոպտելու մեջ կասկածվող տղամարդուն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի գիշերը: Ըստ ոստիկանության ամփոփագրի՝ ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել տուժած կնոջ ամուսինը: Նա տեղեկացրել է, որ նույն օրը ժամը 03.00-ին Աբովյան փողոցում գտնվող ծննդատանը անհայտ անձը դանակով հարձակվել է իր կնոջ վրա, դանակի սպառնալիքով  նրա  պայուսակից հափշտակել գումար և դիմել փախուստի:

Ոստիկանությունից նշեցին, որ տուժած կինը ծննդաբերել էր դեպքից մի քանի ժամ առաջ:

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 32-ամյա Գևորգ Հ.-ն, որը նույն օրը ժամը 20.30-ին իր տան մոտից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:-0-