Պետությունը պետք է պատասխանատվություն կրի ընտրությունների անցկացման որակի համար. նախկին վարչապետ
Հայկական պետությունը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հանի ընտրությունների անցկացման որակի համար պատասխանատվությունն ու լեգիտիմ ընտրությունների անցկացման երաշխավորը դառնա, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
«Այսօր Հայաստանի ԿԸՀ-ի կազմում ներառված մարդկանց ճնշող մեծամասնությանը նշանակել է մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ դա նշանակու՞մ է, որ հանձնաժողովն անկախ է իշխանություններից, իհարկե՝ ոչ: Այդ պատճառով ես առաջարկում եմ դադարեցնել այս կեղծավորությունն ու պարզապես հայտարարել, որ ընտրությունների համար պատասխանատուն ՀՀ ոստիկանապետն է: Գոնե եվրոպական կառույցները կիմանան անօրինական ընտրությունների անցկացման իրական մեղավորներին», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը:
Խոսելով ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունից սպասվող իր ակնկալիքների մասին՝ Բագրատյանը նշեց, որ եթե այս երկխոսությունը սպասելի արդյունքներ չտա, ապա Կոնգրեսը գոնե կիմանա, որ արել է հնարավոր ամեն ինչ՝ երկրի գործող իշխանությունների հետ տարաձայնությունների խաղաղ լուծման համար:
«Երկու-երեք անգամ իշխանությունը գրեթե մեր ձեռքում էր, սակայն մենք այն չվերցրեցինք, և դրա համար պատասխանատվություն ենք կրում, քանի որ օրեցօր երկիրը քանդվում է», - ասաց նա՝ պարզաբանելով, որ նման դեպքեր եղան 2008 թ.-ին նախահագական ընտրություններից անմիջապես հետո և այս տարվա մարտին, երբ ընդդիմության հանրահավաքները կրկին սկսեցին բազմահազար գանգվածներ հավաքել:
Այն հարցին, թե ինչու՞ ՀԱԿ-ը չվերցրեց իշխանությունը՝ Բագրատյանը դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ իր անձնական կարծիքով հիմնական պատճառը ղարաբաղյան հարցն է: «Սակայն հիմա, եթե արմատական քայլերի անհրաժեշտություն ծագի, ապա մեզ դա արդեն չի կանգնեցնի, քանի որ մենք կիմանանք, որ արել ենք հնարավոր ամեն ինչ՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար», - նշեց նա:
Միաժամանակ Բագրատյանը նշեց, որ հավատում է, որ երկխոսության արդյունքում հնարավոր է արտահերթ ընտրությունների անցկացման համաձայնություն ձեռք բերվի:
«Բոլորը խոսում են, որ արդեն անիմաստ է խոսել արտահերթ ընտրությունների մասին, քանի որ հերթական ընտրություններն արդեն մոտ են: Կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների անցկացումն իմաստ ունի նույնիսկ հերթական ընտրություններից մեկ օր առաջ: Կարևոր են ոչ թե ժամկետները, այլ այն, որ մենք կներկայացնենք մեր հասարակության անհանդուժողականությունը ոչ լեգիտիմ իշխանությունների նկատմամբ», - ընդգծեց Բագրատյանը:
Նախօրեին իշխող կոալիցիայի և ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության աշխատանքային խմբի հանդիպման արդյունքում կողմերը սահմանել են բանակցությունների օրակարգը: Օգոստոսի 4-ին կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ կոալիցիան և ընդդիմությունը կքննարկեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման հարցը՝ լեգիտիմ իշխանությունների շուտափույթ ձևավորման, ինչպես նաև կանոնների ձևավորման նպատակով, որոնք ուղղված են քաղաքակիրթ մրցակցության ապահովմանը՝ պատշաճ մակարդակով ընտրությունների անցկացման նպատակով:
Իշխանությունները մինչև վերջերս մերժում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափը: Այժմ նրանք մերժում են նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թ.-ի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ի փետրվարին:-0-