Թուրքիան գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խանգարում է հենց Բաքվին. փորձագետ

«Սա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման իմ վերլուծությունն է», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գիրագոսյանը:
Հայաստանի քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների հետ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը տեղի է ունեցել նախորդ երկուշաբթի Անկարայում:
Գիրագոսյանի խոսքերով՝ հանդիպումը ծրագրված չէր և անակնկալ է դարձել: «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության խորհրդի հինգ ներկայացուցիչներս, Անկարայում էինք Թուրքիայի քաղաքացիական հասարակության խորհրդի հրավերով՝ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանկարծակի մեզ տեղեկացրին, որ մեզ հրավիրում են Թուրքիայի արտգործնախարարություն: Մենք, բնականաբար, միանգամից նամակ ուղարկեցինք Հայաստանի արտգործնախարարություն՝ զգուշացնելով նրանց հանդիպման մասին», - ասաց նա:
Ինչպես նշեց փորձագետը, սկզբից նրանք հանդիպել են տարբեր դիվանագետների, Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ, ինչից հետո նրանց հրավիրել են նախարար Դավութօղլուի մոտ:
«Անձամբ ես հանդիպման ընթացքում արձանագրեցի մեկ շատ կարևոր պահ՝ այժմ թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Երկու տարբեր պետություններում (Ադրբեջան և Թուրքիա) միասնական ժողովրդի մասին առասպելը մահացել է: Բաքուն այսօր վերջնագրեր է ներկայացնում Թուրքիային, այսինքն կրտսեր եղբայրը ցանկանում է թելադրել ավագին, թե ինչպես վարվել: Նաև պարզ էր, որ Դավութօղլուն բարկացած է Բաքվի վրա Կազանի հանդիպումը ձախողելու համար», - նշեց նա:
Գիրագոսյանը ընդգծեց, որ հանդիպման ընթացքում նրանք կարողացել են Դավութօղլուին հասցնել երեք հիմնական մեսիջ:
«Առաջինը՝ դա այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ ծանրությունն այժմ ընկած է Թուրքիայի վրա, քանի որ Անկարան ինքը դադարեցրեց այդ գործընթացը, իսկ Հայաստանն այդ կարգավորման համար նույնիսկ ավելի շատ բան է արել, քան պահանջվում էր: Բացի այդ, Հայաստանի համբերությունն անվերջ չէ, և նա չի կարող շատ երկար սպասել», - ասաց նա:
Գիրագոսյանի խոսքերով՝ երկրորդ մեսիջը ճշտումն էր այն մասին, որ կա երկու հարց, որոնց շուրջ ողջ հայությունը միասնական է՝ անկախ քաղաքական հայացքներից և բնակության տարածքից: Դա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն է և ղարաբաղյան հարցը:
«Մենք պարզ հասկացրեցինք, որ Թուրքիան մեծ սխալ է անում՝ փորձելով անտեսել այդ գործոնը: Բացի այդ, հաջորդ մեսիջով մենք հիշեցրեցինք, որ Անկարան ինքն է համաձայնել հանել նախապայմանները հայ-թուրքական արձանագրություններից, և եթե այսօր նա փորձում է կրկին Ղարաբաղի վերաբերյալ նախապայմաններ առաջադրել, ապա դա ամենաքիչը անազնիվ է», - ավելացրեց նա:
Փորձագետը նշեց, որ Դավութօղլուն իրենց շատ ուշադիր է լսել, և շատ հետաքրքիր էր այն փաստը, որ նրանց Թուրքիայում՝ արտգործնախարարի կաբինետում, հնարավորություն տվեցին քննադատել Անկարայի քաղաքականությունը:
«Իմ տպավորությամբ՝ այսօր խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կփորձի մարտահրավեր նետել Հայաստանին՝ մեզ փորձելու համար: Սակայն կարծում եմ՝ նրանք կհիասթափվեն, քանի որ Հայաստանն այնքան էլ թույլ չէ, ինչպես իրենց թվում է: Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը ոչ միայն ձախողվեց, այլև Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ դարձրեց», - ասաց նա:
Գիրագոսյանը նաև ավելացրեց, որ հնարավոր է ՝ արդեն եկել է պահը, երբ Հայաստանն ինքը արդեն պետք է խոսի նախապայմանների լեզվով:
«Չեմ կարծում, որ առաջիկայում որևէ տեղաշարժ կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն Թուրքիան կփորձի ինչ-որ բան անել մինչև 2015 թ.-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին», - ասաց Գիրագոսյանը:--0--