ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնն է մեկնարկել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից:
Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հայտարարեց, որ ԱՐՄՄՈՆՈ-ն միջազգային փառատոն է, և մի քանի տարի առաջ այն կազմակերպվել է Կապանում և Գորիսում:
«Այս տարի մենք մեր պարտքը համարեցինք անցկացնել փառատոնը Ղարաբաղում, քանի որ նշվում է ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակը», - նշեց Մխիթարյանը:
ՀՀ թատերական գործիչների միության նախագահ, փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծեց, որ այս ամենը դեռ սկիզբն է, այս անգամ միայն հայ արտիստներ ելույթ կունենան, և քանի որ ԱՐՄՄՈՆՈ-ն միջազգային թատերական փառատոն է, արդեն հաջորդ տարվանից միջազգային ողջ կազմը կայցելի Ղարաբաղ:
Ղազանչյանը կարծում է, որ թատերական աշխարհը մեծ պարտք ունի Լեռնային Ղարաբաղի առջև, և հարկավոր է աստիճանաբար վերադարձնել այդ պարտքը:
Նա հույս հայտնեց, որ մեկ-երկու տարի անց Ստեփանակերտի թատրոնը կվերանորոգվի, կունենա ամբողջովին նոր և միջազգային չափորոշիչներին համապատասխանող ձայնային և լուսային տեխնիկա: «Հարկավոր է մտածել թատրոնի վաղվա օրվա մասին», - ասաց նա:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց, որ 2012 թ.-ին նախատեսվում է վերանորոգել թատրոնի շենքը, այս գործին կաջակցի նաև ԱՐՄՄՈՆՈ-ն:
Ղարաբաղի շրջկենտրոններում և գյուղերում անցկացվող փառատոնը բացվել է Հայաստանի վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության» ներկայացումով:
ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների փառատոնի հանրապետական փուլը նվիրված է ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին և կանցնի ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունների և ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Փառատոնից ստացված ողջ հասույթը, որը կտևի մինչև հուլիսի 22-ը, կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերականգնման աշխատանքներին:
ԱՐՄՄՈՆՈ փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի և ՀՀ թատերական գործիչների միության աջակցությամբ: ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003 թ.-ի սեպտեմբերին:-0-