Երևանում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև

20.07.2011, 11:17
Երևանում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև

Երևանում երեքշաբթի քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարությունների միջև, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը:
 
«Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը և այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարևորությունը երկկողմ հարաբերություններին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու առումով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հանգամանալից քննարկվեցին առևտրատնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվեցին դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ:

Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Հունական կողմն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:-0-