Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբիի հետ Երևանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի և Երևանի միջև շարունակվում է և իր նպաստն է բերում երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսևորել իրենց ունակություններն ու հնարավորությունները», - Հայաստանի նախագահի խոսքերը մեջբերեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Սարգսյանը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանի և Լիոնի համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է նոր նախաձեռնություններով ու հստակ ծրագրերով:
Հանրապետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին և Լիոնի խորհրդի անդամներին` հայերի և Հայկական հարցի նկատմամբ ուշադրության և սատարման համար:
«Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ», - ընդգծել է նախագահը:
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբիի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով գտնվում է Երևանում:
Ֆրանսիական պատվիրակության կազմում են Լիոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները, տրանսպորտի, մշակույթի, կրթության, քաղաքաշինության ոլորտների պաշտոնատար անձինք, գործարարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:-0-