Փորձագետները հնարավոր են համարում ԼՂՀ-ի Գանձասարի մենաստանի պատի պատմական տեսքի վերականգնումը

15.07.2011, 17:04
Փորձագետները հնարավոր են համարում ԼՂՀ-ի Գանձասարի մենաստանի պատի պատմական տեսքի վերականգնումը

Ղարաբաղի Գանձասարի մենաստանի պատի պատմական տեսքի վերականգնումը հնարավոր է վերականգնման անհաջող փորձից հետո, ուրբաթ լրագրողներին ասաց Պատմական հուշարձանների ճարտարապետ-ռեստավրատորների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:

Գանձասար մենաստանը եզերող պատի վերականգնումը նախաձեռնվել էր ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Լևոն Հայրապետյանի կողմից և իրականացվում է նրա անձնական միջոցներով։ Տրավերտինից պատրաստված սալիկներով պատի երեսապատումն իրականացվում է նույն հանքավայրից հանվող նյութերով, որտեղից հանվել է քարը, որից կառուցվել է XIII դարի եկեղեցին:

Վերականգնման աշխատանքների նախաձեռնողները հայտարարում են, որ աշխատանքներն իրականացվում են 20-րդ դարի 80-ականների կառուցված քանդվող պատի ամրացման նպատակով և չեն խախտում ճարտարապետական համալիրի ստեղծագործական ամբողջականությունը: Աշխատանքների անցկացմանն իր համաձայնությունն է տվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Սակայն հաշվի առնելով բազմաթիվ փորձագիտական կարծիքները՝ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչությունը դադարեցրել է պատի երեսապատման աշխատանքներն ու հայտարարել է, որ հետագա գործողությունները կորոշվեն հեղինակավոր մասնագետների եզրակացությունների հիման վրա:

«Պատի երեսապատումն ամրացման միջոց չէ, այն, ընդհակառակը, ծանրացնում է պատը», - ասաց Սողոմոնյանն՝ ավելացնելով, որ պատմական հուշարձանների երեսապատումը չպետք է ընդհանրապես իրականացվի, քանի որ դրանք կառուցվել են հատուկ նյութերի օգտագործմամբ և պետք է վերականգնվեն հենց նույն նյութերի միջոցով:

Նրա խոսքերով՝ ողջ վանական համալիրի, այդ թվում նաև պատի վերակառուցման ծրագիրը մշակվել է մասնագետների կողմից դեռևս խորհրդարային ժամանակներում, երբ մշակույթի նախարարությունը թույլատրել է հինգ հոգուց բաղկացած փորձագիտական խմբին փորձաքննություն անցկացնել և որոշել համալիրի վնասման աստիճանը:

Միաժամանակ Սողոմոնյանը նշեց, որ վերականգնման ծրագիրը պետության տնօրինության տակ է և պահվում է արխիվում: «Ցանկացած բարեգործ, ով ցանկանում է վերականգնել համալիրը, կարող է դիմել ծրագիրը ստանալու համար և իր գործունեության մեջ հաշվի առնել փորձագետների կարծիքը», - ասաց նա:

Ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանն իր հերթին տեղեկացրեց, որ համալիրի վերականգնման նախագիծը հրապարակվել է facebook-ում, և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ նախագծին:

«Պատը պետք է պահպանի իր պատմական տեսքը, որը բնորոշ է Արցախի եկեղեցական ճարտարապետության համար: Դա փոխելն անընդունելի է», - ասաց նա:-0-