ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում. Ուդովիչկի

15.07.2011, 16:28
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում. Ուդովիչկի

Չնայած դոնոր երկրների դիմակայած ֆինանսատնտեսական դժվարությունների հետևանքով առաջացած սահմափակումներին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  գործունեությունը Հայաստանում ոչ միայն չի նվազելու, այլև շարունակվելու է բոլոր ծրագրերով նախանշված ուղղություններով, հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կորի Ուդովիչկին ՀՀ փոխարտգործնախարար Արամ Կիրակոսյանի հետ ուրբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Ուդովիչկին գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա համագործակցության մակարդակի համար և իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԶԾ-ի հետ ստորագրված ծրագրի շրջանակներում աշխատելու համար:

Ողջունելով հյուրին` Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչին մեծապես նպաստում է նաև Երևանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչների առկայությունը:

Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ ԱԳՆ աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և վերաբերում են հարցերի շատ լայն շրջանակի:-0-