«Պոպոք» գովազդի միջազգային երկրորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերին Երևանում

14.07.2011, 16:34
«Պոպոք» գովազդի միջազգային երկրորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերին Երևանում

«Պոպոք» (Popok) գովազդի ամենամյա միջազգային երկրորդ փառատոնը կանցկացվի 2011թ.-ի հոկտեմբերի 27-29-ը Երևանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Այս տարի փառատոնի շրջանակներում հինգ անվանակարգ է նախատեսված՝ Հեռուստագովազդ և ռադիոգովազդ, Ինտերակտիվ գովազդ, Տպագրական և արտաքին գովազդ, Մարքեթինգային արշավներ, Գրաֆիկական դիզայն»,- հայտնեց նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր անվանակարգի համար երկուական մրցանակ կտրվի՝ առևտրային և սոցիալական գովազդի համար։  

Մարտիրոսյանն ընդգծեց, որ փառատոնի անցկացումը խթանում է Հայաստանի գովազդի շուկայի զարգացումը՝ թույլ տալով ուսումնասիրել միջազգային փորձը։

Փառատոնի ֆինանսական տնօրեն, «Status holding» ընկերության ղեկավար Տիգրան Բալոյանն իր հերթին տեղեկացրեց, որ այս տարի փառատոնի միջազգային ժյուրիի նախագահ կդառնա Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի նախագահ Ֆրանկո Մորետին։ 

Ժյուրիի անդամակցությանն իր համաձայնությունն է տվել նաև Depot WPF բրենդային ընկերության նախագահ, Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Անդրեևը, «Վոսխոդ»-ի արտ-տնօրեն Վլադիսլավ Դերևյաննին,  Ogilvy and Mother ցանցի կրեատիվ տնօրեն Միխայիլ Կուդաշկինը։

Բալոյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում ծրագրվում է մի շարք վարպետության դասերի անցկացում, քանի որ առաջին փառատոնի արդյունքները ցույց են տվել, որ վարպետության դասերը մեծ պահանջարկ ունեն գովազդի հայկական շուկայում։

Նա ավելացրեց, որ փառատոնին մասնակցելու հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1-ից։

Առաջին անգամ «Պոպոք» փառատոնն անցկացվել է 2010թ.-ի սեպտեմբերի 28-30-ը Երևանում։ Փառատոնի անվանումը՝ Popok, ընտրվել է Pop գովազդային տերմինի զուգադրման արդյունքում, որը պատրաստի գովազդ է նշանակում և «OK» արտահայտությունը։ Բացի այդ, այդ հունական ընկույզի միջուկը  մարդկային ուղեղ է հիշեցնում, այսինքն խորհրդանշում է կրեատիվ մտածողությունը։ -0-