Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոն. Անկախության 20 տարի» հոբելյանական ծրագրի մասնակիցները նշում են համատեղ կինոարտադրության և վարձույթի վերսկսման անհրաժեշտությունը:
«Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան անում է իր անկյունում: Մենք ընդհատումներով հադիպում ենք, ցավոք, միայն խոսում ենք այն մասին, որ պետք է վերականգնել մեր երկրների միջև մշակութային փոխանակումը... Պետք է զբաղվել համատեղ արտադրությամբ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուզբեկ ռեժիսոր Սաբիր Նազարմուհամեդովը:
Ռեժիսորը նշեց, որ շատ ռուս ռեժիսորներ են ժամանում Ուզբեկստան նկարահանումների, ինչը նրանց համար բավականին էժան է:
Մոլդովացի պրոդյուսեր Դմիտրի Մարիանուն իր հերթին ընդգծեց դիստրիբուցիայի մակարդակում համագործակցության անհրաժեշտությունը: «Որպես մատակարար՝ ես հաճույքով տարբեր երկրների կինո ցուցադրեցի... Մենք պետք է մեր վրա վերցնենք նախաձեռնությունը, հեռանանք Խորհրդային համակարգից և պետպատվերից»,- ասաց պրոդյուսերը:
«ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» հոբելյանական ծրագրի մեջ ընդգրկվել է 11 կինոնկար` ռեժիսոր Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույս» (Հայաստան), Ֆարխատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին» (Ղազախստան), Ալեքսանդր Կոտտի «Բրեստի ամրոց» (Ռուսաստան-Բելառուս), Ռոման Բալայանի «Դրախտային թռչուններ» (Ուկրաինա), Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» (Ռուսաստան), Նոսիր Սաիդովի «Իրական կեսօր» (Տաջիկստան), Ակտամ Արիմ Կուբատայի «Լույսի գողը» (Ֆրանսիա-Գերմանիա-Նիդեռլանդներ), Սաբիր Նազարմուհամեդովի «Այն ափին, որտեղ մնացել է մանկությունը» (Ուզբեկստան), Նապոլեոն Խելմիսի «Հարսանիք Բեսարբիայում» (Մոլդովա), Պավել Կոստոմարովի «Ես սիրում եմ քեզ». Երմեկ Տուրսունովի «Քելինը» (Ղազախստան):
«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-