Քաղաքականության մեջ կնոջ դերը մեծ նշանակություն ունի երկրի զարգացման համար, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Ուժեղ և խելացի կին-քաղաքական գործիչները կկարողանան երկրում լուրջ փոփոխություններ ապահովել», - ասաց Բախշյանը:
Նրա կարծիքով՝ կինը ավելի պակաս է հակված կոռուպցիայի, և հայկական հասարակության մեջ կին-ղեկավարի կերպարը շատ ավելի քիչ է ասոցացվում կաշառակերի կերպարի հետ:
«Սակայն այսօր երկրում կան բազմաթիվ արհեստական արգելքներ, որոնք խոչընդոտում են կնոջ մուտքը մեծ քաղաքականություն: Կինը հաճախ անվստահություն է զգում քաղաքական դաշտում», - կարծում է պատգամավորը:
Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը «տղամարդկանց մշակույթի» երկիր է: «Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված է սեռերի իրավահավասարություն, սակայն փաստացի այն բացակայում է», - կարծում է նա:
Պատգամավորի կարծիքով՝ այս հարցի լուծմանը պետք է ոչ միայն մեխանիկորեն մոտենալ՝ ընդունելով նոր օրենքներ, այլև պետք է քաղաքական և հասարակական գիտակցության մեջ ամրագրել բոլոր ոլորտներում կանանց դերի կարևորությունը:
«Հայաստանում ավանդականությունը կնոջը սոցիալական մարգինալացման մեջ է մտցրել: Երբ երկրում բացակայում է սեռերի իրավահավասարության մասին քաղաքական գիտակցությունը, ապա հարկավոր է այդ իրավահավասարությունն ամրագրել օրենսդրական մակարդակով: Դա վերաբերում է նաև երկրի Ընտրական օրենսգրքին», - նշեց պատգամավորը:
«Այսօր համաշխարհային քաղաքականության մեջ գերիշխում է ֆեմինիստական տրամադրվածությունը, քանի որ շահում է այն հասարակությունը, որն իսկապես օգտագործում է կնոջ ներուժն ու հնարավորությունները», - ավելացրեց Գալստյանը:-0-