Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է. նախագահ Սարգսյան

11.11.2010, 16:40
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է. նախագահ Սարգսյան
Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է. նախագահ Սարգսյան

Ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, հինգշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանձնաժողովի պատվիրակությունը գլխավորում են Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը և ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման գործում կարևոր դեր ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ նվիրումով և ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների հարաբերությունները տարեցտարի որակական նոր աստիճանի բարձրացնելուն:

«Հայաստանը գնահատում և երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին»,- մեջբերում են Սարգսյանի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել է Սարգսյանը, այդպիսի բարեկամներից մեկը ՌԴ պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ում նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նիկոլայ Ռիժկովն իր հերթին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն  ու երևանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կարևորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:

Նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի աշխատանքին:-0-