Ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության վավերացումը պետք է միաժամակ լինի. Զատուլին

11.11.2010, 14:26
Ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության վավերացումը պետք է միաժամակ լինի. Զատուլին
Ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության վավերացումը պետք է միաժամակ լինի. Զատուլին

Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության վավերացումը պետք է միաժամանակ անցնի երկու երկրների խորհրդարաններում, կարծում է քաղաքագետ, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Հայաստանը և Ռուսաստանը օգոստոսի 20-ին Երևանում արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

«Այսօր Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք հինգերորդ արձանագրության հետ կապված հարցեր, և ես վստահ եմ, որ այդ վավերացումը պետք է միաժամանակ անցնի Հայաստանի Ազգային Ժողովում և Ռուսաստանի Դաշնային Խորհրդում։ Խոսքն այն արձանագրության մասին է, որի համաձայն՝ երկարացվում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, և որը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից և պետք է այժմ հավանության արժանանա ազգային խորհրդարանների կողմից»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Զատուլինը։

Զատուլինը ռուս խորհրդարանականների պատվիրակության կազմում մասնակցում է Հայաստանի ԱԺ և Ռուսաստանի ԴԽ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 19-րդ նիստին, որը մեկնարկել է հինգշաբթի Երևանում։

Քաղաքագետի կարծիքով՝ արձանագրության վավերացումը տարածաշրջանի իրավիճակի համատեքստում չափազանց կարևոր քայլ է։

Զատուլինը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները ստատուս-քվոյի կոպիտ խախտում է և տարածաշրջանի  խաղաղության լուրջ սպառնալիք։ Պատգամավորը հայտարարեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջնորդների կարևորագույն ջանքը բանակցային խաղաղ գործընթացի պահպանումն է։

«Այս տարվա ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, և ամենավերջինը՝ Աստրախանում։ Տագնապը մեզ այդուհանդերձ չի լքում, մենք բոլորս այստեղ միաբան ենք՝ և պատգամավորները, և Դաշնային Խորհրդի անդամները, Ռուսաստանի ներկայացուցիչները, մենք պատերազմ չենք ցանկանում, և պարբերաբար հնչող հայտարարություններն այն մասին, որ ինչ-որ մեկն իր համար չի բացառում խնդրի ռազմական լուծումը, մեզ վշտացնում են»,- ասաց նա։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից հետո համատեղ հռչակագիր  ստորագրվեց, որը ռազմագերիների փոխանակում է նախատեսում և հումանիտար բնույթ է կրում:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-