ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի իշխանությունների լեգիտիմության պակասը նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ցուցադրում է Բաքվի ռազմական սպառնալիքների թուլությունը, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։
Նախնական տվյալներով, Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններում հաղթանակ է տարել «Ենի Ազերբաջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որը հավաքել է 125 տեղից ավելի քան 70-ը։
«Հարց է ծագում՝ կսատարի, արդյո՞ք, Ադրբեջանի ժողովուրդը, որը նավթային եկամուտ չի տեսել ևս մեկ անարդար և անազատ ընտրություններից հետո, իշխանությունների կողմից պատերազմի սպառնալիքին։ Լեգիտիմության պակասի պատճառով Ադրբեջանի ժողովուրդը կարող է հանդես գալ պատերազմի վերսկսման դեմ և չհամաձայնել իր զավակներին պատերազմի ուղարկել։ Սա Ադրբեջանի ռազմական սպառանալիքների թուլությունը ցուցադրող կարևոր գործոն է»,- երեքշաբթի «կլոր սեղանի» ընթացքում հայտարարեց ԱՌՀՀԿ փորձագետը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի անազատ ընտրությունների արդյունքում Հայաստանն Արևելքում ոչ ժողովրդավարական և անվստահելի հարևան ունի։
Գիրագոսյանի խոսքերով, նոյեմբերի 7-ին տարածաշրջանում անցկացվեցին հերթական անազատ ընտրությունները՝ վատացնելով ժողովրդավարության հետ կապված վիճակը։
«Ադրբեջանը խորհրդարանի ընտրություններ անցկացրեց իր անկախացումից հետո չորրորդ անգամ, և այդ ընտրությունների հետևանք դարձավ ավելի ավտորիտար և պակաս ժողովրդավարական իշխանությունների ձևավորումը»,- ասաց Գիրագոսյանը։
Նա նշեց նաև, որ ադրբեջանական ընդդիմությունը մեծ թվով մանդատներ ստանալու հնարավորություններ չուներ, նշեկով, որ առաջին անգամ 1993 թցականից հետո ադրբեջանական իշխանություններն արգելեցին ընդդիմադիր ուժերին հանրահավաքներ անցկացնել, ինչը թույլ չտվեց նրանց մոբիլիզացնել ժողովրդին և մամուլում լուսաբանվող միջոցառումներ անցկացնել։
Գիրագոսյանն Ադրբեջանում ընտրությունների առանձնահատկություն համարեց նաև Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտրությունը։ Նրա խոսքերով, սա բացառիկ, եթե ոչ եզակի դեպք է, երբ գործող առաջին տիկինը խորհրդարան է անցնում։
Բացի այդ, ըստ նրա, ընտրությունները սահմանեցին «քաղաքականության ընտանեկան լինելը»՝ ամրապնդելով Ալիևների կլանը։ -0-