Հայ ուսանողները ԵԱՀԿ-ի մոդելային համաժողովի ժամանակ միգրացիայի և թրաֆիքինգի խնդիրներ կքննարկեն
Ավելի քան 60 հայ ուսանողներ միգրացիայի և թրաֆիքինգի խնդիրներ կքննարկեն հինգշաբթի մեկնարկող մոդելային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը:
Երկօրյա մոդելային համաժողովի ընթացքում ուսանողները կփորձեն անօրինական աշխատանքային միգրացիայի կանխարգելման գործողությունների ծրագիր մշակել մտացածին Ֆրիլանդիա երկրում, որը, խաղի կանոնների համաձայն, հետխորհրդային տարածքի ամենաաղքատ երկիրն է:
«Այս խթանիչ խաղերը մի շարք նպատակներ են հետապնդում, առաջին հերթին՝ նման խաղերի ընթացքում երիտասարդներն ավելի լավ են ծանոթնաում ԵԱՀԿ-ի գործունեության հետ: Բացի այդ, մոդելային համաժողովները բանակցություններ վարելու հմտություններ են զարգացնում», - լրագրողներին ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործող ղեկավար Քարել Հոֆսթրան:
Նրա խոսքերով՝ նման խաղերը շատ լավ հնարավորություն են երիտասարդների համար՝ շփվելու հմտությունների և փոխզիջման գնալու ունակությունների զարգացման համար:
«Նման խաղեր անցկացվում են աշխարհի բազմաթիվ երկրներում: ՄԱԿ-ը ևս երիտասարդների մասնակցությամբ նման համաժողովներ է կազմակերպում», - նշեց Հոֆսթրան:
Խաղի մասնակիցները, որոնցից ամեն մեկը ԵԱՀԿ անդամ-երկրներից մեկի դերն է խաղում, խորհրդակցություններ և հանդիպումներ կանցկացնեն՝ օգտագործելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ-ի գործառույթների մասին իրենց գիտելիքները:
ԵԱՀԿ-ի մոդելային համաժողովներն առաջին անգամ անցկացվել են Ավստրիայում 2008 թ.-ին:-0-