Կարմիր խաչը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և զոհվածների փոխանակմանը

04.11.2010, 18:52
Կարմիր խաչը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և զոհվածների փոխանակմանը
Կարմիր խաչը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների և զոհվածների փոխանակմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաստատում է հավատարմությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմագերիների և զոհվածների փոխանակման գործընթացին, ասաց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԿԽՄԿ գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագները:

Երևանը հինգշաբթի Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանն իբր կախվել էր հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որում փորձել են մոլորված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ» ներկայացնել:

«Մենք ողջունում ենք 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հնարավոր օժանդակությունը այս հարցին: Մենք ցանկանում ենք վերստին հաստատել  չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում: Սակայն հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», - մեջբերում է Վագների խոսքերը կազմակերպության մամուլի ծառայությունը:

Փոխանցումը տեղի է ունեցել ի կատարումն 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված համաձայնագրի:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հայրենադարձության գործընթացին աջակցելու հնարավորությունը Վագները քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և արտգործնախարարների հետ սեպտեմբերին կայացած հանդիպումների ժամանակ:

«Մենք մշտապես կապի մեջ ենք լինում այն բոլոր ընտանիքների հետ, որոնք ունեն գերի ընկած, անհայտ կորած կամ մահացած հարազատներ և կիսում ենք նրանց անհանգստությունն ու վիշտը։ Միշտ էլ ցավ ես ապրում, երբ ստիպված ես վատ լուր հաղորդել կամ էլ զոհվածի աճյուն հայրենադարձել», - ասել է Երևանում ԿԽՄԿ պատվիրակ Մելանի Վոնրոսպախը, ով մասնակցեց հայրենադարձմանը։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացու մահվան մասին ադրբեջանական իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալուն պես ԿԽՄԿ-ն անմիջապես տեղեկացրեց զոհվածի ընտանիքին։

Համաձայն իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն այցելում է ղարաբաղյան հակամարտության հետևանքով ազատազրկված ռազմագերիներին և ներկալված քաղաքացիական անձանց։ Գործելով որպես չեզոք միջնորդ՝ կազմակերպությունն աջակցում է նրանց հայրենադարձմանը, ինչպես նաև զոհվածների աճյունների հայրենադարձմանը՝ հակամարտող կողմերի համաձայնությամբ:

Ապրիլին ԿԽՄԿ-ն հայրենադարձրել է ադրբեջանցի երկու քաղաքացիական անձանց աճյունները և մեկ ռազմագերի։

Ներկայումս կազմակերպությունը ներգրավված է այլ ներկալված անձանց և զոհվածների աճյունների հայրենադարձման շուրջ քննարկումներում երկու ուղղությամբ, շփման գծում վերջերս զոհված երկու ադրբեջանցի զինվորների աճյունների հայրենադարձման հարցը ներառյալ։

ԿԽՄԿ-ն գործում է Հայաստանում և Ադրբեջանում 1992 թվականից ի վեր՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված։-0-