Երևանը Բաքվին է վերադարձրել Ադրբեջանի քաղաքացուն՝ գերության մեջ զոհված հայի մարմնի դիմաց

04.11.2010, 13:57
Երևանը Բաքվին է վերադարձրել Ադրբեջանի քաղաքացուն՝ գերության մեջ զոհված հայի մարմնի դիմաց
Երևանը Բաքվին է վերադարձրել Ադրբեջանի քաղաքացուն՝ գերության մեջ զոհված հայի մարմնի դիմաց

Երևանը Բաքվին է հանձնել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայկական սահմանն անօրինական հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևին՝ փոխարենը ստանալով ադրբեջանական գերության մեջ զոհված հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, փոխանակումը տեղի է ունեցել ի կատարումն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում ստորագրած համաձայնագրի՝ նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղության Իջևան-Քասախ ճանապարհահատվածի վրա։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանն իբր կախվել էր հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որում փորձել են մոլորված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ» ներկայացնել։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Աստրախանի հանդիպումից հետո հոկտեմբերի 27-ին հռչակագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմագերիների փոխանակում և մարդասիրական բնույթ է կրում: Հռչակագիրը միտված է վստահության ամրապնդմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-