Երևանն ու Օտտավան նպատակաուղղված են ամբողջությամբ օգտագործել երկկողմ հարաբերությունների ներուժը

02.11.2010, 18:37
Երևանն ու Օտտավան նպատակաուղղված են ամբողջությամբ օգտագործել երկկողմ հարաբերությունների ներուժը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա) ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

Դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական աշխատանքը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

 

Հայ-կանադական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները կարևորել են նաև կանադահայ համայնքի դերը:

Դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպանը Հանրապետության ղեկավարին վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը` իր պաշտոնավարման ընթացքում հայ-կանադական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:-0-